27/11/2020 18:59
Անիշխանության, քաոսի, արյունով իշխանության գալու մասին հայտարարելիս Նիկոլ Փաշինյանն ինքն իր մասին է խոսում. Լիլիթ Գալստյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսաուղերձում հայտարարեց, թե «ներհայաստանյան հանրահայտ խմբեր կան, որոնք գործում են արտաքին ուժերին համընթաց, գործում են բավական երկար ժամանակ, և ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայ Յեղափախական Դաշնակցություն կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանի հետ զրուցեցինք Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի մասին։
- Տիկին Գալստյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում և նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, որոնք փորձում են քաոս սերմանել մեր երկրում։ Քանի որ այս պահին նաև դուք եք պահանջում իր հրաժարականը, ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը։
- Այո՛, երկիրը հոգեվարքի և կոլապսի, խայտառակ պարտության մատնած դեմագոգ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վերջին ճիգով իր իշխանությունը փորձել երկարացնել։ Եվ այդ ճանապարհին նա դարձյալ փորձում է իր զինանոցի երկու կարևոր զենքերից օգտվել՝ դեմագոգիայից և մանիպուլյացիայից։
Այսօր այս վիճակի՝ անիշխանության, պարտության, կորուստների, պետականության կոլապսի, Արցախի կորստի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր երկուսուկես տարվա քաղաքականությունով։ Գողի և հանցագործի հիմնական հոգեկերտվածքն է։
- Վարչապետն իր ուղերձում ասաց նաև, թե այդ ուժերն ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալ, արյունով իշխանություն պահել:
- Այդ նորից իր մասին է։ Մի անգամ Նիկոլ Փաշինյանը փորձել է արյունով իշխանության գալ, չի ստացվել։ Հիմա նա արյունով հանձնեց երկիրը։ Այսօր Նիկոլ Փաշինյանի՝ իբրև վարչապետ գոյության յուրաքանչյուր օրը նոր պատերազմ է, որովհետև այս պատերազմը հրահրվեց նրա անհավասարակշիռ, դիվանագիտական զրո, խայտառակ վարքագծի հետևանքով։ Պատերազմում չի պարտվել մեր ժողովուրդը, որքան էլ Փաշինյանը մեղավորներ նշանակելու վիրտուոզ նկարագիր ունի։ Այս պատերազմում պարտվել է մեր պետությունը և նրա խորհրդանիշ Նիկոլը։ Նոյեմբերի 9-ին նվաստացուցիչ ստորագրությունից հետո ականները հիմա ենք տեսնում. Դավիթ Բեկ, Սոթք, անհետ կորածներ, գերիներ։ Նիկոլ Փաշինյանը չարիք է, որի իշխանության ղեկին լինելու յուրաքանչյուր վայրկյանը նոր աղետներ և անդառնալի կորուստների դարպաս է բացում Հայաստանի համար։ Նա պետք է կանգնի ոչ միայն պատմության դատաստանի առաջ, այլև քաղաքական և իրավական պատասխան պետք է տա երկրի կորուստների և պարտության համար։
- Ստեղծված իրավիճակում, երբ ունենք այն, ինչ ունենք, ո՞րն է ձեր անելիքը և ասելիքը։
- Մեր անելիքը հստակ է։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայացրել են ճանապարհային քարտեզը։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է սահուն հեռանա, մենք չենք ուզում երկիրը տանել խժդժությունների և ցնցումների։ Նրա հեռանալուց հետո մենք պետք է ձևավորենք համաձայնության կառավարության, որը երեք կարևոր խնդիր պետք է լուծի։
Առաջինը՝ Հայաստանում վերացնել ատելության և ներքին անհանդուրժողականության մթնոլորտը, միասնականության որոշակի ֆոն ստեղծել։ Երկրորդ՝ 3-6 ամսվա ընթացքում Հայաստանում կարողանալ ապահովել արտահերթ ընտրություններ, որպեսզի կարողանանք լեգիտիմ իշխանություն ստեղծել։ Եվ երրորդ՝ ունենալ ժամանակավոր կառավարության ղեկավար, որն ընդունելի կլինի թե՛ ներհայաստանյան հարթությունում, թե՛ ռազմավարական դաշնակցի համար, որպեսզի կարողանանք բանակցել և գոնե նվազագույն զիջումների և ձախողումների ճանապարհով այդ ստորագրված փաստաթղթին հաջորդող բանակցություններում մեր մեջքն ուղղել։