27/11/2020 18:24
Մասնավոր հատվածի նկատմամբ գործադիրի ուշադրությունից դժգոհած գործարարը` որպես նախարար առիթ ունի բավարար ուշադրությամբ լսելու մասնավոր հատվածին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Նա նշել է, որ Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Փաշինյանը հիշել է իր ու նորանշանակ նախարարի վերջին շփումը, որի ժամանակ Քերոբյանը դժգոհել է բիզնես ոլորտի նկատմամբ գործադիրի ուշադրությունից:
«Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսելու բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ», - ասել է գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձևը, կոմբինացիան նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի Քերոբյանի աշխատանքը:
«Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք և տեսնենք, թե նա որքանով է աշխատում, երբ իսկապես առիթ կա խնդիրների իմացությամբ գալ անմիջապես ոլորտից և այստեղից այլ հայացքով նայել ու փորձել իրականությունը դարձնել ավելի լավը», - ասել է կառավարության ղեկավարը: