27/11/2020 21:51
Կարասինը և Աբաշիձեն քննարկել են Ղարաբաղի հարցով հայտարարությունը. այն նոր հնարավորություններ է բացում Անդրկովկասի բոլոր պետությունների համար
Սենատոր Գրիգորի Կարասինը ռուս-վրացական ներկայիս ոչ պաշտոնական երկխոսության մեխանիզմի շրջանակներում, նոյեմբերի 27-ին տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակիցները նշել են նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հայտարարության ընդունման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել ռազմական գործողությունները և պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու համար:
«Այս եռակողմ համաձայնագրերի իրականացումը, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ, նոր հնարավորություններ է բացում Անդրկովկասի բոլոր պետությունների, այդ թվում ՝ Վրաստանի համար», - հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: