27/11/2020 13:47
Հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունի. մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել. Արտակ Բեգլարյան
Հոկտեմբերի 10-ից սկսած՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ՝ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ փակ զեկույցներ ենք սկսել պատրաստել: Պատրաստման փուլում է թվով հինգերորդ զեկույցը, քննարկման ժամանակ ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ինչո՞ւ ենք փակ, ոչ թե բաց, հրապարակային զեկույցներ պատրաստել, որովհետև այնտեղ կան բավականին դաժան պատկերներ և անձնական տվյալներ, որոնք չենք ցանկանում, որ տարածվեն հայկական համացանցային տիրույթում՝ լրացուցիչ հոգեբանական ճնշում չավելացնելու համար: Մինչդեռ ադրբեջանական կողմը հնարավորինս լայն տարածում է փորձում ապահովել հայկական լսարանում: Սա միանշանակ հանցագործություն է», - ասաց նա:
Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց՝ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունի:
«Բայց մեր տվյալներով՝ մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել: Բոլոր տվյալներն անընդհատ փոխանցում ենք Կարմիր խաչին, ռուսական կողմին և քաղաքական ղեկավարությանը: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել փրկել կյանքեր, և ԿԽՄԿ-ն կարողացել է կապ հաստատել ռազմագերիների հետ», - նշեց Արցախի ՄԻՊ-ը: