27/11/2020 18:41
Չնայած քննադատել եմ՝ միևնույն է, հարգանքի և հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը. Նորանշանակ նախարարը՝ վարչապետին
Վահան Քերոբյանը նախարարի պաշտոնում առիթ ունի բավարար ուշադրությամբ լսելու բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնելու կառավարությունում, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերհիշելով Քերոբյանի հետ իր վերջին հանդիպումը։
Քերոբյանը դժգոհել էր մասնավոր ոլորտին լսելիս գործադիրի ուշադրության պակասից:
Արձագանքելով վարչապետին՝ գերատեսչության ղեկավարն ասաց.
«Չնայած ես քննադատել եմ, բայց, միևնույն է, հարգանքի և հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը, որովհետև այն թիմը, որը ձևավորվել է, այն խնդիրները, որոնք առաջացել են մինչև այս տարվա առաջին եռամսյակի ավարտը, փայլուն ձևով լուծվել են: Պարզապես, իմ կարծիքով, կորոնավիրուսը և պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, և մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե՛ արագության, թե՛ խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: Կարծում եմ՝ այն թիմը, որի հետ այսօր առիթ ունեցա ծանոթանալու, ի վիճակի է լուծել այդ խնդիրները, որովհետև զգում եմ այդ կրակը և մեր երկրի առաջ ծառացած ոչ այդքան հեշտ խնդիրների լուծման մղումը»:
Նա նաև ընդգծել է, որ «Հայաստան-2050»-ի տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, պահելու է ուշադրության կիզակետում:
«Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ, և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը», - նկատել է Քերոբյանը: