30/11/2020 10:32
Փաշինյանի համար հայրենիքը, հայը որևէ արժեք չունեն. միայն այդպիսի մարդը կարող է թքած ունենալ հայրենիքի և զինծառայողների կորստի վրա. Աբրահամյան
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության 8-րդ կետը սահմանում է ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հարցը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ դրանով պայմանավորված երկու հարց բարձրացնելով:
Նախ՝ ինչո՞ւ այդ դրույթի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ այնպես, ինչպես, օրինակ, Ակնայի (Աղդամի), Շահումյանի և Քաշաթաղի հանձնման վերաբերյալ, որովհետև, Աբրահամյանի խոսքով, կոնկրետ ժամանակացույց կա նույնիսկ Բերձորից Ստեփանակերտ Շուշին շրջանցող նոր մայրուղու կառուցման մասով. «Սակայն ռազմագերիների հարցը երրորդական է դիտվել»։
Եվ երկրորդ՝ ինչո՞ւ այդ հայտարարության՝ մեզ համար եզակի դրույթի իրականացման հարցով պատշաճ բանակցություն չի տարվել:
«Փաստորեն, հայկական կողմը գերազանցիկի ճշգրտությամբ, մեկը մյուսի հետևից Արցախի շրջանները հանձնում է Ադրբեջանին, իսկ մեր երկրի պաշտպանության համար մարտեր մղած զինծառայողների (գերության մեջ հայտնվածների) և զոհվածների մարմինների հետ կապված խնդիրները միայն վերջին օրերին է քննարկման առարկա դարձրել, այն էլ մեծ թվով հավաքների և քննադատության ալիքից հետո», - նկատել է վերլուծական կենտրոնի ղեկավար։
Աբրահամյանն ընդգծել է, որ այս իշխանության և անձամբ Փաշինյանի համար, հայրենիքը, հայը որևէ արժեք չեն ներկայացնում.
«Միայն այդպիսի մարդը կարող է թքած ունենալ հայրենիքի և մեր զինծառայողների կորստի վրա: Լավատեսական միակ հանգամանքն այն է, որ ինչքան հասկանում եմ, խնդրով սկսել է զբաղվել ռուսական կողմը, ինչը հույս է ներշնչում, որ այս հարցով վերջապես առաջխաղացում կլինի»։