30/11/2020 15:17
«Ավելի քան 600 մարմին հանվել է հակամարտության գոտուց». Արցախի նախագահը հանդիպել է անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
«Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ, այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են:
Այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը: