01/12/2020 11:22
«Գնացել ու ընկել ենք շրջափակման մեջ. հրամանատար չենք ունեցել». Դավիթը փրկվել է, բայց եղբայրն անհետ կորել է
Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Էջմիածնի զորամասի մոտ: Իրենց երեխաներին են պահանջում՝ հայտարարելով, որ պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս. ավելի քան 40 օր է անցել:
«Այս զորամասի երեխեքն են եղել, այստեղից են տարել, այստեղից էլ պահանջում ենք մեր երեխաներին: Հատուկջոկատային չեն, բայց որպես հատուկջոկատային են տարել: Զրահաբաճկոն ու սաղավարտ չեն տվել», - ասաց հարազատներից մեկը:
Նրանք տեղեկացրեցին, որ հանդիպել են ՀՀ վարչապետին: Փաշինյանն ասել է, որ հակառակորդի վերահսկողության տակ անցած 5 շրջան հայկական կողմին անհասանելի է, Կարմիր խաչը չի կարողանում համագործակցել և պետք է սպասել:
«Եթե խոստանան, որ ինձ խփելու դեպքում իմ դին հետ կբերեն, ես տղերքի համար կգնամ, կմտնեմ», - ասաց Դավիթ Կատանյանը:
Նրա եղբայրն ու ընկերները ևս անհետ կորած են: Նա էլ շրջափակումից հրաշքով է փրկվել:
«Ա կետից Բ կետ պետք է գնայինք, բայց չի նշվել՝ որտեղ է Բ կետը, գնացել ու ընկել ենք շրջափակման մեջ: Մի կերպ դուրս ենք եկել շրջափակումից, բայց եղբայրս ու ընկերներս չկան: Առաջին ավտոբուսում եմ եղել: Հրամանատար չենք ունեցել: Օգնություն էլ ենք ուզել, բայց օգնող չի եկել: Վարկած չունեմ, թե որտեղ կարող են լինել կորած տղաները: Եթե ուղարկում են գործողության, չենք գնում՝ պատասխանատվության ենք ենթարկվում, բայց որ գնում մնում ենք...», - ասաց նա: