01/12/2020 13:48
Ալիև. Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային միջանցքը տարածաշրջանում հնգակողմ համագործակցության հարթակ կստեղծի
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը նոր տրանսպորտային զարկերակ է բացելու, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Եռակողմ հայտարարության (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ) իններորդ կետն վկայում է բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի վերականգնման մասին: Երկու ուղղությամբ տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար Հայաստանը երաշխիքներ է տալիս Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային կապերի անվտանգության ապահովման համար», - ասել է Ալիևն ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ:
Նրա խոսքով, տրանսպորտային կապի վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայությունը, իսկ կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում՝ Նախիջևանը կապելով Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ:
«Տրանսպորտային միջանցքի բացումը դուրս կբերի Նախիջևանը շրջափակումից, և միևնույն ժամանակ մենք բացում ենք նոր տրանսպորտային զարկերակ: Կարող եմ ասել, որ դրանից միայն կշահեն բոլոր երկրները: Ադրբեջանը միավորվելու է իր անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ: Միավորվում են Ադրբեջանն ու Թուրքիան: Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և, եթե ցանկանա, Հայաստանը կարող են միանալ այս միջանցքին: Այսպիսով, տարածաշրջանում կարող է ստեղծվել հնգակողմ համագործակցության հարթակ: Այս գաղափարը ես ներկայացրել եմ ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ Ռուսաստանի նախագահին, և նրանք դրան դրականորեն են արձագանքել», - ասել է Ալիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է երկարաժամկետ խաղաղություն:
«Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ համագործակցությունը զարգանա անվտանգության միջոցառումների հետ միասին: Մենք պատրաստ ենք համագործակցության», - նշել է Ալիևը: