01/12/2020 12:15
«Պատրաստ ենք Պուտինի ոտքերն ընկնել. ծնողներ կան՝ Ալիևի անունն են տալիս. երեխու համար մարդ ամեն ինչի պատրաստ է». անհետ կորած զինծառայողի հարազատ
Տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ են լինելու: Էջմիածնի զորամասի շտաբի պետ, կապիտան Կամո Մալխասյանը լուրը հայտնեց զորամասի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատներին: Նրանք, սակայն, չհավատացին:
Էջմիածնի զորամասից 34 զինծառայող անհետ կորել է:
«Ավելի քան 40 օր երեխուց լուր չկար, երեկ փորձել է կապի դուրս գալ, բայց մեր հեռախոսն անհասանելի է եղել: Զանգահարել է քրոջս տղուն, նրա հեռախոսն էլ անջատած է եղել: Որտեղ դիմում ենք, չեն ընդառաջում մեզ», - ասաց անհետ կորած զինծառայողի հայրը:
«Հարցը տալի ես, պատասխան չկա՝ թիվ մեկ դեմքը դեմքիդ ա նայում: Պատրաստ ենք գնալ Պուտինի ոտքերն ընկնել, պատրաստ ենք Թրամփի կամ Բայդենի ոտքերն ընկնել: Ով ուզում ա լինի: Ծնողներ կան, որ արդեն Ալիևի անունն են տալիս: Ի՞նչ անեն՝ տարբերակ չունեն, երեխու համար մարդ ամեն ինչի պատրաստ է», - ասաց մեկ այլ անհետ կորած զինծառայողի հարազատ:
Ծնողների խոսքով՝ իրենց հայտնել են, որ հարցը հնարավոր է լուծել բանակցությունների միջով, որը չի ստացվում, կամ պատերազմի միջոցով. «Այնպիսի բաներ են ասում, որ ծնողը պատասխան չունենա, որ չկարողանա խոսել»:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել էին Էջմիածնի զորամասի մոտ. իրենց երեխաներին են պահանջում:
Զորամասի մոտից նրանք գնացին ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն՝ ռուսական կողմի աջակցությունը խնդրելու: