01/12/2020 14:09
«Բեսպիլոտնիկներ» են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել. Աղվան Վարդանյանը՝ նոր նախարարների մասին
Այս ազգային, պետական ողբերգությունը մեկ անուն ունի՝ Նիկոլ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ, ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը։
Խոսելով կադրային փոփոխությունների մասին՝ Վարդանյանը նշեց, թե վարչապետը նախարարներ է նշանակում ու «ինչ-որ մեկն էլ այդ հրամանագրերը ստորագրում է»։
«Այն մեկը, որ նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը, աբսուրդ», - ասաց նա։
Աղվան Վարդանյանը նշեց, թե ԿԳՄՍ նոր նախարար Վահրամ Դումանյանը ՀԱԿ-ական է, երկար տարիներ նրա կուռքը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հետո ու հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կռապաշտ կրթության նախարար չեմ պատկերացնում», - ասաց քաղաքական գործիչը, ապա շարունակեց.
«Պաշտպանության նախարարություն. ամենահին, անողնաշար, Անդրանիկ Քոչարյանի թաշկինակ Վաշարշակ Հարությունյան, առաջնագծում երբեք չի եղել, Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր, այն Անդո Քոչարյանի, ով, ըստ բանակի նախկին գլխավոր շտաբի պետի, միայն ու միայն վնասել է Զինված ուժերին, խանգարել է մատակարարումներին։ Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի ու սաունայի հոտերը»։
Անդրադառնալով Էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանին, ով Menu.am-ի հիմնադիրն է, Վարդանյանը նշեց, թե վերջինս սնանկացրել է նախկին ու ներկա բիզնեսները։
«Իմացանք, որ պատրաստվում է ներխուժել ադրբեջանական, թուրքական շուկա, մի բան հուշեմ՝ մեկ ուրիշ կայք կա, Shirim.am, թող գտնեն այս կայքի տնօրենին ու նշանակեն հեռահաղորդակցության նախարար՝ կապ այն աշխարհի հետ», - ասաց նա։
Վարդանյանը բաց չթողեց նաև արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին։
«Արցախյան բանակցություններից մղոններով հեռու, հիմա էլ զբաղվում է` Նիկոլի կնոջ հեռախոսազանգերը կազմակերպելով», - ԱԳՆ-ին այսպես ներկայացրեց Վարդանյանը։
Արտակարգ իրավիճակների նոր նախարար Անդրանիկ Փիլոյանին նա չի ճանաչում, սակայն «ամոթալի պարտության հերոս գեներալ» խոսքերն ամեն ինչ ասում են։
Աղվան Վարդանյանը խոսեց նաև Կոտայքի նոր մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի մասին, ով, ըստ Վարդանյանի, Սասուն Միքայելյանի քենակալն է կամ աներձագը։
«Այս բոլոր նշանակվածները «բեսպիլոտնիկներ» են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել», - նշեց Աղվան Վարդանյանը։