01/12/2020 14:29
Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց որ գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան. Աղվան Վարդանյան
Մարդիկ ուշքի են գալու, մարդիկ հասկանալու են այս ողբերգության հետևանքները, մարդիկ գիտակցելու են, որ երկրում պետք է արմատական փոփոխություն, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ, ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը։
«Ես վստահ եմ, որ այն, ինչ կատարվել է Հայաստանի ու Արցախի հետ, մեր վաղվա պետական մարմինները, համապատասխան կառուցները պիտի իրականացնեն հետաքննություն, ստեղծվեն քննիչ հանձնաժողովներ», - ասաց նա։
Աղվան Վարդանյանը նշեց՝ կա մեկ խնդիր, երբ առաջինը բարձրաձայնելու, հրապարակավ սխալները մատնանշելու ու իրականությունը ասելու դժվարություն ունեն շատերը։
Վարդանյանը հույս ունի, որ «Իմ քայլը» խմբակցությունից շատերը, ի վերջո, կգիտակցեն այս ողբերգության խորությունն ու իրենց պատասխանատվության չափը, կգիտակցեն, որ կռապաշտությամբ հնարավոր չէ երկիր պահել ու իրենց որոշումը կկայացնեն։
«Այդ մարդկանց պետք է այսօր շանս տալ», - ասաց Վարդանյանը։
ՀՅԴ նախկին անդամն ընդգծեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ վիճակ է երկրում։
«Նա ինքնակամ հրաժարական չի տա, բայց այն, ինչ կատարվել է մեր ժողովրդի հետ, վստահ եմ, որ նա իշխանության մնալու զրո շանս ունի, հասարակությունը, քաղաքական ուժերը կարողանալու են համախմբվել ու նրան հեռացնել իշխանությունից», - ասաց Վարդանյանը։
«Որ Նիկոլը գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան, ինչքան շուտ դա կլինի, այնքան մենք ավելի շանս կունենանք երկիրը դուրս բերել այս վիճակից», - հավելեց Աղվան Վարդանյանը։