01/12/2020 14:41
Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր՝ ադրբեջանական շուկայի հետ փոխգործակցության պատկերացումը չունեմ. Կարեն Համբարձումյանը՝ նորանշանակ նախարարի դիտարկման մասին
Ես համարում եմ, որ հնարավոր է կյանքի կոչել էկոնոմիկայի նախարարի՝ եկող տարի երկնիշ տնտեսական աճ ունենալու խոստումը, նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանը:
«Եթե ուրիշ ֆորսմաժորայի իրավիճակներ չլինեն, ինչպես կորոնավիրուսն է և այլն և այլն, կարծում եմ՝ այո, հնարավոր է», - ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս պետք է նորանշանակ նախարարը նման գործընթաց ապահովի, արդյոք հանդիպման ժամանակ բացատրել է պատգամավորներին, խորհրդարանականը պատասխան չհնչեցրեց, միայն ասաց, որ թուրքական և ադրբեջանական շուկաների հետ համագործակցության հարցեր այսօր չեն քննարկվել:
«Իմ կարծիքն իր տեսլականի հետ նորմալ է, դրական է: Հիմա թող աշխատի, ապագայում կտեսնենք: Ես դրական եմ միտված», - նշեց Համբարձումյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ նորանշանակ նախարարն օրեր առաջ հայտարարել էր՝ եթե ճանապարհները բացվեն, միգուցե, ադրբեջանական ապրանքները մեզ հասանելի լինեն, հայկականն էլ՝ իրենց, իմքայլական պատգամավորը պատասխանեց.
«Ճիշտ կլինի՝ այդ հարցի պատասխանն ինքը տա: Բայց ես այս պահին, որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, այդ պատկերացումը չունեմ»: