01/12/2020 12:20
Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն
Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ բանկերի միությունը:-
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝
Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն:
Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7 միլիոն դրամ՝ նախկին 5 միլիոն դրամի փոխարեն:
Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:
Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Սույն սահմանաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:
Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը: