02/12/2020 09:34
«Ժողովուրդ». Երևանում առաջիկայում հանրահավաքներ չեն լինի. այլ մարտավարութուն է որդեգրվել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանում առաջիկայում հանրահավաքներ չեն լինի: 16 կուսակցություններն այս ընթացքում այլ մարտավարութուն են որդեգրել և հանրահավաքներ անելու փոխարեն մասնավոր հանդիպումներ են ունենում, ակտիվ են լրատվամիջոցներով, ինչպես նաև փոքրաթիվ կազմերով ճանապարհներ են փակում, որն էլ հանդիպում է ոստիկանների միջամտությանը:
Հիշեցնենք, որ 16 կուսակցությունների հավաքները մեկնարկեցին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, երբ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել, որը ենթադրում էր հայկական կողմից տարածքների վերադարձ Ադրբեջանին: Հենց այդ հանգամանքն էր առաջացրել քաղաքական ուժերի վրդովմունքը, և համատեղ սկսել էին հանրահավաքներ անցկացնել, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ:
Նոյեմբերի 28-ին էլ առաջին հանրահավաքն իրականացրին մտավորականները, որոնք մինչև երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ են այցելել և նամակներ հանձնել: Նրանց պահանջը գերիների վերադարձն էր Հայաստանին: Սակայն նրանք ևս երեկ հայտարարեցին, թե դադարեցնում են հավաքները և կաշխատեն այլ ֆորմատով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրահավաքային պայքարն ավարտված է. առաջիկայում թերևս այլ քայլեր կլինեն։