02/12/2020 11:54
Գործող կառավարության ծրագիրն այլևս չի համապատասխանում նոր իրողություններին. «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական լսումներ է հրավիրել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կկայանան, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է:
«Գործող կառավարության ծրագիրն այլեւս չի համապատասխանում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների առջեւ պատերազմից հետո ծառացած առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներին եւ նոր իրողություններին», - հայտարարում է ԼՀԿ-ն՝ առաջարկելով ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների հետեւյալ ծրագիրը`
«1. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն.
2.Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում.
3.Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում.
4.Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում.
5.Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում.
6.Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում` հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով.
7. Զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում.
8.Արցախահայության (այդ թվում` փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում եւ կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում.
9. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում.
10. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ եւ այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում.
11. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում.
12. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում.
13. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ` խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում»։