02/12/2020 11:46
Իմքայլական պատգամավորները որոշել են տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ ստեղծել՝ աջակցելու գործարարներին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի իմքայլական պատգամավորները քննարկել և որոշել են ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ, հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Այսինքն՝ կլինի աշխատանքային խումբ, որը կզբաղվի այն բոլոր օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, որ մեր գործարարներն ունեն՝ կլինի շինթույլտվության, կլինի տարբեր պետական մարմինների հետ կապված: Փորձելու ենք այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել, որպեսզի մարդիկ արագ իրենց հարցերի պատասխաններն ստանան:
Խմբի աշխատակարգը կհաստատվի մեր հանձնաժողովի առաջիկա կամ արտահերթ նիստերից մեկում», - ասաց Թունյանը՝ հավելելով, որ իրենք հատուկ աշխատանքային խմբում պատրաստակամ են ներգրավել նաև ընդդիմադիր պատգամավորներին, եթե, իհարկե, վերջիններս նման ցանկություն ունենան:
Իմքայլական պատգամավորը շեշտեց՝ անելու են ամեն բան, որպեսզի գործարարների դեմ արհեստական խոչընդոտներ չծագեն: