03/12/2020 17:38
ԱԱԾ-ն վերածվել է Նիկոլ Փաշինյանին և նրա ոհմակին աջակցող ծառայության. Արծվիկ Մինասյան
ԱԱԾ-ն վերածվել է Նիկոլ Փաշինյանին և նրա ոհմակին աջակցող ծառայության: Կառույցի կողմից որպես թիրախ ընտրված են ինչպես ՀՅԴ, այնպես էլ ընդդիմադիր այլ ներկայացուցիչներ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«ԱԱԾ-ն առնվազն պարտավոր է քննության առարկա դարձնել այն, թե ինչպես եղավ, որ կառավարության շենքը, վարչապետի կեցավայրն ու ԱԺ-ն մնացին անպաշտպան: Չէ՞ որ դրանք հատուկ պահպանվող տարածքներ են: Երկրորդ՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն չի փորձել հասկանալ՝ արդյոք որևէ կազմակերպություն այդ շենքեր ներխուժելու մտադրություն ունեցել է, թե ոչ, այլ միանգամից մեղադրանքի պիտակ է կպցրել քաղաքական ուժերին՝ նրանց մեղադրելով հակաօրինական գործողությունների մեջ», - ասաց Մինասյանը:
Դաշնակցական գործիչը շեշտեց՝ այս պահին իրենց կողմից Քրեական օրենսգրքով առնվազն 4 հոդվածով պահանջ կա:
«Դրանք են՝ պաշտոնեական լիազորույթունների չարաշահում, պաշտոնեական լիազորությունների անցում, պաշտոնական կեղծիք և այնպիսի գործողություններ, որոնք թույլ են տրվել պաշտոնատար անձի կողմից և էական վնաս պատճառել որոշակի անձանց: Իշանությունն այսօր փորձում է ամեն ջանք գործադրելով՝ փրկել իր գոյությունը, բայց ես համոզված եմ, որ այս իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնացել», - ասաց Արծվիկ Մինասյանը: