03/12/2020 12:06
Սոցապնախարարը տեղի ունեցածը համարում է ողբերգություն, բայց վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում (Տեսանյութ)
Պատերազմի հետևանքները համարում եմ ողբերգություն, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Եվ բազմաթիվ քաղաքացիներ ունեն անձնական, ընտանեկան ողբերգություն, մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, ովքեր չունեն այս պահին մշտական բնակության վայր, մեր արցախցի հայրենակիցների զգալի մասը դեռ ՀՀ-ում է ապրում, կան բազմաթիվ զինծառայողներ, որոնց մասով նույնպես կան անելիքներ, հետևաբար, յուրաքանչյուր օր իմ պատասխանատվությունն է հնարավոինս մեղմել այդ մարդկանց խնդիրները», - ընդգծեց նախարարը։
Դիտակմանը, թե ողբերգություն ասելով նկատի ունի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը, Առաքելյանը նշեց, թե խոսքը ընդհանուր իրադարձությունների մասին է։
«Պատերազմի հետևանքները համարում եմ ողբերգություն։ Տարածքների հանձնումը տեղի է ունեցել պատերազմի ավարտի հետևանքով արված հայտարարության հիման վրա։ Այդ պահին իրականացվել է առավելագույն լուծումը», - ասաց սոցապնախարարը։
Aysor.am-ի հարցին՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նախարարը նշեց. «Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը և նաև այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»: