04/12/2020 13:48
Փաշինյանը ԵԱՏՄ նիտին կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Արտյոմ Նովիկովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետ Իոն Կիկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Համավարակը նշանակալի մարտահրավերներ է ստեղծել բոլորիս համար: Այնուամենայնիվ, այսօր մենք կարող ենք վստահորեն պնդել, որ այն չի ազդել մեր Միության աշխատանքի արդյունավետության վրա:
Հուսով ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հետագա համաձայնեցված գործողությունները մոտ ապագայում կհանգեցնեն դրական արդյունքների: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը և ծագած դժվարությունները հաղթահարելու ջանքերի համախմբումը լրացուցիչ հիմք կծառայեն մեր միավորման շրջանակում ինտեգրման գործընթացները խորացնելու համար» , - ասել է վարչապետը։
Նա նշել է, որ այս դժվար ժամանակաշրջանում չափազանց կարևոր է գտնել բոլոր զգայուն հարցերի փոխընդունելի լուծումներ:
«Մեզ համար հիմնական խնդիրը մնում է ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը:
Հայաստանի համար այս տարին, բոլորիդ հայտնի պատճառներով, հատկապես բարդ էր: Բայց մենք չենք դանդաղեցրել համագործակցության մասնակցության տեմպերը և ակտիվորեն ներգրավված ենք եղել մեր ինտեգրացիոն տարածքում տեղի ունեցող բոլոր գործընթացներում:
Պետք է նշեմ, որ այս օրերին մենք լիովին զգացել ենք մեր ընկերների աջակցությունը: Մենք երախտապարտ ենք այն անգնահատելի օգնության համար, որը Ռուսաստանի Դաշնությունը մեզ ցուցաբերեց համավարակի դեմ պայքարում և այս տարի մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարելու գործում» , - նշել է Նիկոլ Փաշինյանը։