05/12/2020 16:52
Պիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստա՛ն, հավա՛տ, արդարությո՛ւն և արժանապատվությո՛ւն, միայն այդ դեպքում մեզ կհարգեն. Վիգեն Ստեփանյան (Տեսանյութ)
1988 թվականից սկսած՝ Ղարաբաղյան շարժման առաջին օրերից, ես եղել եմ այս հրապարակում, բայց առաջին անգամ եմ բարձրանում բեմ, քանի որ շատ-շատերը կարծում, նույնիսկ արտահայտվում են, որ մտավորականությունը լուռ է, որ մտավորականությունը փորձում է հարմարվել, այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
«Ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել: Մենք լուռ չե՛նք, մենք միշտ խոսել ենք, ցավոք, լսող չի եղել: Լսել են ճղճիմ ձայները, «դուխով» ձայները, որոնք մարդկանց, լոզունգներով, պարզապես խաբել են», - նկատեց դերասանը:
Նա ընդգծեց՝ այն, ինչի առաջ այսօր կանգնած է երկիրը, դժվար է պատկերացնել նույնիսկ վատ երազում:
«Արցախի գրեթե կեսի կորուստը, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, որդեկորույս մայրեր: Կորոնավիրուսին էլ ավելացավ «նիկոլավիրուսը», այ դրանից է պետք հիմա ազատվել, ինձ ճիշտ հասկացեք: Իսկ այդ ազատման ճանապարհը բարոյական, հոգևոր մթնոլորտն է», - նշեց դերասանը:
Վիգեն Ստեփանյանը շեշտեց՝ պառակտումը, իրար ատելը, իրար չլսելը երկիրը կտանի դեպի փակուղի: Ժողովուրդը պետք է կարողանա իր մեջ գտնել ոչ թե միայն ոտքի կանգնելու ուժ, այլև միմյանց հավատալու, լսելու ու հարգելու:
«Ուրիշ հայաստանցի չկա, դրանք մենք ենք: Ուրիշ հայ դժվար թե գտնես, դա մենք ենք: Եվ նույնիսկ այն մարդիկ, որոնք մոլորվել են, սխալվել են ու իրենց ձայնը բարձրացրել ի պաշտպանություն այս կառավարության, լինելով սխալ՝ նորից մերոնք են, նույն հայերը: Ու մենք պիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստա՛ն, հավա՛տ, արդարությո՛ւն և արժանապատվությո՛ւն: Միայն այդ դեպքում մեզ կհարգեն միջազգային հարթակներում»:
Մանրամասն՝ տեսանյութում։