07/12/2020 18:37
ԱԺ-ն պետք է իր անհամաձայնությունը հայտնի, որ այդ հայտարարությունը չդառնա Լեռնային Ղարաբաղի լուծման կոնցեպտը. Հովհաննես Իգիթյան
Ես հիմա պնդում եմ, որ ԱԺ-ն պետք է հայտարարություն անի և իր անհամաձայնությունը հայտնի, որ այդ հայտարարությունը չդառնա Լեռնային Ղարաբաղի լուծման կոնցեպտը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Մենք պետք է փորձենք հիմա ընդդիմության հետ միասին, միտինգում ամենածայրահեղ ելույթ ունեցողի հետ միասին այնպես անենք, որ այդ հայտարարությունը համարվի միայն ու միայն պարտադրված զինադադարի պայման, որն ուղղակի փրկեց հազարավոր կյանքեր: Եղավ այդ զինադադարի հայտարարությունը, լավ, հետո՞ ինչ:
Եղավ անարդարություն առնվազն Արցախի հայության հանդեպ: Եղավ հայտարարության այն մասը, որտեղ նշված է, որ փախստականները պետք է վերադառնան իրենց տները: Դա միայն ադրբեջանցիների՞ն է վերաբերվում, հադրութցիներին, շուշեցիներին դա չի՞ վերաբերվում, մյուս գյուղերից դուրս եկածների՞ն, իհարկե, վերաբերվում է։ Մենք դա պետք է ձևակերպենք որպես պահանջ՝ պատերազմից դուրս», - նշեց նա։
Իգիթյանի խոսքով՝ ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրված է պատերազմի գործողությունների ժամանակ, չի կարող համարվել պայմանագիր, որովհետև բանակցելու համար պատերազմը պետք է դադարեցվի, և սկսվեն բանակցություններ:
«Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ մեր բարեկամ, դաշնակից Ռուսաստանն այսպես վարվի, բոլոր ջանքերը գործադրի, իր ուժը, պարտավորությունը գործադրի՝ զինադադար հաստատելու համար, որ արդեն ոչ պատերազմական իրավիճակում մենք շարունակենք բանակցությունները: Ես դա համարում եմ անարդար պարտադրված զինադադարի փաստաթուղթ», - ասաց Իգիթյանը: