08/12/2020 15:47
Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին (Yerkir.am)
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին, Yerkir.am-ին տեղեկացրել է Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:
«Բաժին բերման ենթարկելուց հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, այդուհանդերձ, փաստ է, որ գահավիժող ռեժիմն ամեն գնով ուզում է գոնե մի քանի ժամով երկարացնել իր կյանքը, որը թույլ չենք տալու», - հայտնել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Նա նշել է նաև, որ չնայած իրեն հարվածող ոստիկանների տմարդի պահվածքին, այդուհանդերձ, հայտնվել են նաև իրենց արժանապատիվ պահող ոստիկաններ և հանդարտեցրել իրավիճակը:
«Մարզպետ Գարիկն ու ինձ հարվածող ոստիկան կոչեցյալները պատասխան են տալու: Այս ամենը վերջանալուց հետո՝ թող դրանք մտածեն, թե ոնց են այս մարզում ապրելու, ոնց են ինձ նայելու և ինձ հանդիպելուց ուր են փախչելու», - ավելացրել է Վարդանյանը: