08/12/2020 09:49
Փողոցների շրջափակումը, տրանսպորտի երթևեկության կազմալուծումն առաջացնում է վարչական պատասխանատվություն. զգուշացնում է ոստիկանությունը
Ոստիկանությունը կոչ է անում օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման:
«Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլո՛ր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ: Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները: Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ եւ չարաշահումով իրականացնելը, ինչը դրսեւորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթեւեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը:
Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ: Ոստիկանությունը հավատարիմ է իր գործառույթների իրականացմանը՝ ապահովել օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, անդորրն ու անվտանգությունը: Համոզված ենք, որ սա նաև հասարակության առաքելությունն է և համագործակցության ենք կոչում քաղաքացիներին՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի բարօրության»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ընդդիմադիրները մինչև այսօր ժամը 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տվել, որ հրաժարական տա ու հեռանա։
Եթե մինչև այդ Նիկոլ Փաշինյանը չհեռանա, իրենք դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների։