09/12/2020 20:54
The Associated Press․ Փաշինյանի՝ յուրաքանչյուր օր մնալն այս պաշտոնում նոր սպառնալիք է առաջացնում ազգի համար. Արթուր Վանեցյան
The Associated Press (AP) միջազգային հեղինակավոր գործակալությունն անդրադարձել է այսօր Հայաստանում խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին։
Լրատվամիջոցը նշում է, որ Փաշինյանի ընդդիմադիրները բարկացած են նրա կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումից, ինչը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի պատերազմին, սակայն որից հետո Ադրբեջանին անցան ԼՂ-ի մեծ տարածքներ։
AP-ն հիշեցնում է, որ ընդդիմությունը Փաշինյանին տվել էր ժամանակ հրաժարական ներկայացնել մինչև երեքշաբթի կեսօր, սակայն նա արհամարհել է այդ պահանջը՝ պաշտպանելով իր ստորագրած համաձայնագիրն՝ անվանելով այն դառը, բայց անհրաժեշտ քայլ խուսափելու ամբողջ Լեռնային Ղարաբաղի կորուստից։
Լրատվամիջոցը նշում է, որ խոսելով այսօր խարհրդարանում, Փաշինյանն ասել է, որ ազգը կարիք ունի միավորվելու այս դժվար ժամանակաշրջանում։
«Որոշ խմբերի ձայները չպետք է շփոթել ժողովրդի ձայնի հետ»,-ասել է նա։
AP-ն հայտնում է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով այժմ ղեկավարում է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունը, խոսելով խորհրդարանի շենքի մոտ, հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հեռանա՝ թույլ տալու ընդդիմադիր ուժերին «կարգավորել իրավիճակը» երկրում։
«Նրա՝ յուրաքանչյուր օր մնալն այս պաշտոնում նոր սպառնալիք է առաջացնում ազգի համար»,- ասել է Վանեցյանը։