09/12/2020 15:50
Հայաստանն այսօր գտնվում է ազատ անկման մեջ, Փաշինյանն աթոռակռիվ է անում. Արթուր Վանեցյան
2020 թվականի ավարտին Հայաստանը մոտեցել է գրեթե անլուծելի թվացող խնդիրներով, և Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի իշխանության ղեկին մնալն այդ խնդիրների լուծումը դարձնում է անհնարին, ընդդիմության երթի մեկնարկին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Մենք այսօր ունենք շատ ծանր իրավիճակ՝ ռազմագերիների, անհետ կորածների վերադարձի հետ կապված, զոհվածների ընտանքիների սոցիալական խնդիրներ, մենք ունենք լրջագույն խնդիրներ ներքին և արտաքին քաղաքականության մեջ, քանդված տնտեսություն, առողջապահական համակարգ, և այս ամենն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանն այսօր գտնվում է ազատ անկման մեջ, և եթե շատ արագ սրա դեմը չառնենք, վերջը լինելու է կործանում», - ասաց Վանեցյանը:
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր քայլերը կատարում է մեկ նպատակով՝ պահպանել իր իշխանությունը:
«Մենք աթոռակռիվ չենք անում, աթոռակռիվ անում է բացառապես Նիկոլ Փաշինյանը: Մենք մեր բողոքի ակցիաներն իրականացնելու ենք վճռական, հասնելու ենք նրա հրաժարականին: Քաղաքացիական պատերազմ հրահրողը մեկ մարդ է, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է», - ասաց Վանեցյանը: