09/12/2020 11:22
Քաղաքական համակարգը Հայաստանում ոնց հիվանդ կար, այդպես հիվանդ էլ մնաց. Մարուքյան
Կուսակցությունների մասին օրենքը ոչինչ էլ չի կայունացնելու, այն որևէ կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Որովհետև մենք ուզում ենք ամբողջ վիճակից մի ֆրագմենտի մի երկու դրույթ փոխել: Միամիտ եք ժողովուրդ, ի՞նչ կուսակցությունների մասին օրենք: Մի հատ նայեք՝ ինչպես են այսօր Հայաստանում աշխատում մամուլը, մեդիան, հեռուստաընկերությունները, որոնք սպառում են հանրային մուլտիպլեքսը, որոնք որոշում են «բլոկ» անել այսինչ մարդուն, ցույց չտալ նրան: Վերջ, կուսակցության մասին օրենքն ի՞նչ պիտի անի: Քաղաքական համակարգը ո՞նց եք առողջացնելու: Փողով… փող ծախսենք, էս մեկին դարձնենք հերոս, մեկին դարձնենք դավաճան: Կուսակցությունների մասին օրենքով դրա դեմը ո՞նց եք առնելու:
Մի բան գրե՞լ եք դրա մասին: Օրինակ՝ գրե՞լ եք, որ պառլամենտական ուժին հանրային մուլտիպլեքս սպառող հեռուստաընկերությունը չի կարող չլուսաբանել: Չեք գրել չէ՞: Առաջարկում եմ՝ գրեք, որովհետև քաղաքական համակարգը Հայաստանում ոնց հիվանդ կար, հիվանդ էլ մնաց: Մենք ունենք հիվանդ քաղաքական համակարգ և այդ հիվանդ համակարգով գնում ենք արտահերթ ընտրությունների: Եվ մեզ թվում է, որ այս օրենքը փոխենք՝ արդար ընտրություններ են լինելու», - ասաց Մարուքյանը: