09/12/2020 13:52
Նախ՝ կարողացեք ճշտել, թե որն է այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բնագիծը, հետո նոր խոսեք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններից. Անի Սամսոնյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Անդրանիկ Քոչարյանին ուզում եմ ասել՝ ցուցաբերեք այնքան ողջախոհություն և պատասխանատվություն, որ նախ՝ կարողանաք ղեկավարության բարձր մակարդակով ճշտել, թե որն է այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բնագիծը, հետո նոր խոսել դիվանագիտական հարաբերություններից, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
Երեկ, հիշեցնենք, ԱԺ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե պետք է փորձել երկխոսություն, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։
Արձագանքելով Քոչարյանի այս հայտարարությանը՝ Անի Սամսոնյանն ասաց.
«Եթե այսօր դուք չեք կարողանում պաշտպանել ձեր պետական սահմանները, եթե այսօր համայնքապետերը պետք է զենք առնեն և բնագծերով զբաղվեն, ինչի՞ մասին է խոսքը։ Նախ, կարողացեք հասկանալ՝ որն է ձեր պետության նոր սահմանը։ Այս իշխանությունները մինչև հիմա սա չեն կարողանում հասկանալ։ Մարդիկ երեխա են կորցրել, ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ»։