09/12/2020 17:07
Փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ եք կնքել, թե՞ կամքի դրսևորում է. պատգամավորը՝ վարչապետին (Տեսանյութ)
Փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ եք կնքել, թե՞ կամքի դրսևորում է. այս հարցերը խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ նկատելով, որ ստորագրվել է փաստաթուղթ, որը մի քանի դրվագով խախտում է միջազգային իրավունքն ու ՀՀ Սահմանադրություն, բացի այդ՝ մեր օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ չի մտել, բայց իրագործվում է:
Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց, որ փաստաթղթի ստորագրման հանգամանքներով պայմանավորված պարզաբանումներ տվել է և ավելացնելու նոր բան չկա: Նա, դիմելով պատգամավորին, նաև նկատեց.
«Ձեր խոսքում հակասություն կա, որովհետև մի կողմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ չէ, մյուս կոմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ է»:
Փաշինյանն ընդգծեց, որ մեծագույն խնդիրն այն է, որ բոլոր գործընթացներում ՀՀ ժողովուրդը որևէ կերպ չկորցնի Հայաստանում իշխանություն ձևավորվելու, ազատ կամարտահայտման իր իրավունքը:
«ՀՀ-ում որևէ այլ երկրի լրատվամիջոց չէ, որ որոշում է, թե ով է ՀՀ վարչապետը և չպետք է այդպես լինի: ՀՀ-ում ժողովուրդն է որոշում՝ ով է վարչապետը, պետք է շարունակի այդպես լինել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ փաստաթուղթը հրադադարի ու ռազմական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է՝ հաշվի առնելով տվյալ պահի իրադրությունը:
Վարչապետին արձագանքելով՝ Սիմոնյանը նկատեց. «Դուք իմ հարցին չպատասխանեցիք»: