10/12/2020 09:51
Մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան. Արայիկ Հարությունյան
Այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է:
«Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006-ին տեղի ունեցած հանրաքվեների միջոցով մեր ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատել է սեփական հողի վրա ապրելու և արարելու, հայրենի երկիրը շենացնելու և զորացնելու իր կամքն ու վճռականությունը:
Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ:
Պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում փորձություններ ու դժվարություններ, ունեցել ենք անդառնալի կորուստներ, բայց միշտ մնացել ենք անսասան ու անկոտրում, ուժեղ ու հաստատակամ: Ծանրագույն մարտահրավերների առջև ենք կանգնել հատկապես վերջին ամիսներին՝ առերեսվելով անդառնալի ու ցավալի կորուստների, սակայն մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ավելի ու ավելի ամուր:
Եվ այսօր էլ, մեր մեջ պահելով անասելի ցավն ու կսկիծը, օր օրի բուժելով արյունահոսող վերքերը, մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան:
Զորություն, օրհնանք ու խաղաղություն յուրաքանչյուրիդ ընտանիքներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։