10/12/2020 18:25
Թուրքիայի նախագահի ներկայությունը զորահանդեսին խոսում է այն մասին, որ ադրբեջանա-թուրքական պատերազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ չեն ավարտվել. Ոսկանյան
Ադրբեջանի զորահանդեսը նաև միջոց է ազդելու մեր հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա՝ այն ավելի անկումային դարձնելու նպատակով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը՝ ավելացնելով՝ թշնամական երկրում պետք է հասկանան, որ բոլորովին այլ արձագանք կարող է ստանան:
«Նման գործողությունը Հայաստանում էլ ավելի է խորացնում այն ատելությունը, որը կա թշնամական պետության հանդեպ: Կարծում եմ, որ նման ատելություն Հայաստանում կա, այդ ատելությունն ունի օբյեկտիվ պատճառներ, որովհետև նույնիսկ այդ խայտառակ փաստաթղթի կնքումից հետո ադրբեջանական կողմը Թուրքիայի մասնակցությամբ ձեռնարկում է փաստացի պատերազմական գործողություն՝ հոգեբանական ճակատում: Սա լրացուցիչ ցուցիչ է, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը չի դադարեցրել մեզ հետ պատերազմը՝ այն տեղափոխելով հոգեբանական հարթակ», - ասաց նա:
Ոսկանյանը նկատեց, որ Հայաստանի պատկան մարմինները պատշաճ չեն արձագանքում այդ հոգեբանական պատերազմին, որը միտված է մեր հասարակությունը ներսից քայքայելուն:
Իսկ Թուրքիայի նախագահի ներկայությունը զորահանդեսին, ըստ մեր զրուցակցի, խոսում է այն մասին, որ ադրբեջանա-թուրքական պատերազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ չեն ավարտվել:
«Հայաստանում փորձ է արվում հասարակական տրամադրություններում սերմանել պատրանք, թե ամեն ինչ ավարտված է, և որ Ադրբեջանն ու Թուրքիան ստացել են այն, ինչին ձգտում էին: Բայց ամենևին այդպես չէ: Ադրբեջանա-թուրքական լայն ծրագրի «կարևոր» բաղկացուցիչը նաև Սյունիքն է և պատահական չէ, որ Ալիևը հիմա էլ հայտարարում է, իրենց եզրաբանությամբ, Զանգեզուրի, Երևանի, Գեյչայի մասին, նկատի ունի Սևանը, Սյունիքը և Երևանը: Սա նույնպես ցույց է տալիս, որ ադրբեջանա-թուրքական կողմի սադրիչ քաղաքականությունը շարունակվելու է Հայաստանի նկատմամբ, և մեր իշխանությունները, ցավոք սրտի, կրկին պատրաստ չեն համարժեք արձագանք տալու, համարժեք տրամադրություններ ստեղծելու մեր հասարակության շրջանում: Ըստ էության, ներկայիս իշխանություն կոչվածն ամբողջովին մատնված է անգործության և, պատկերավոր ասած, Հայաստանի դռներն այժմ բաց են թշնամական քարոզչության, թշնամական գործողությունների առաջ», - ասաց Ոսկանյանը:
Ի պատասխան դիտարկման, թե Ադրբեջանի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆուատ Ախունդովը Ռուսաստանի առաջին ալիքի եթերում հայտարարել է, թե Ադրբեջանը կռվել է Հայաստանի դեմ և հաղթանակ է տարել հայկական նացիզմի նկատմամբ՝ մատնանշելով Երևանում Նժդեհի արձանը՝ Ոսկանյանը նկատեց. «Ադրբեջանի աշխատակազմի այդ «ներկայացուցչին» պետք է հիշեցնել, որ Ադրբեջանում Մամեդ Էմին Ռասուլզադեի անունով բազմաթիվ վայրեր կան, իսկ Մամեդ Էմին Ռասուլզադեն այն անձանցից է, ով ուղղակիորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ: Եվ այս առումով Ադրբեջանն առնվազն պետք է ձայնը կտրի ու այդ խնդրին ընդհանրապես չանդրադառնա»:
Նա ընդգծեց այն հանգամանքը, որ Գարեգին Նժդեհը նաև եղել է ռուսական զենքի առաջամարտիկը՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մասնակցել է նաև բուլղար ժողովրդի ազատագրական պայքարին և, այդ առումով, համեմատության որևէ եզր չի կարող ունենալ նացիստական գաղափարախոսության կամ նացիստական Գերմանիայի հետ:
«Ինչ վերաբերում է նման գործելաոճին՝ սա նույնպես ցուցիչ է, որ ադրբեջանական կողմը չի դադարեցրել պատերազմը և այժմ փորձում է կեղծ ու սադրիչ գործողություններով իբր հակահայկական տրամադրություններ առաջացնել ռուսական կողմում: Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, որ մեր իշխանությունները չեն կարողանում պատշաճ իրականացնել նման ռիսկերի կառավարում, աշխատել մեր գործընկերների ու դաշնակիցների հետ և, ըստ էության, դաշտն ամբողջությամբ բաց են թողնում թշնամական կողմի քարոզչության համար», - ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը: