10/12/2020 13:15
ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն իր պարտականությունները հնարավորություն և մարտահրավեր է համարում
Խորհրդարանն այսօր քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության անունից թեկնածուին ներկայացնող Եղիշե Սողոմոնյանը, խոսելով Նահապետյանի՝ ԿԲ-ում ծավալած գործունեության մասին, նշեց, որ նա ԿԲ-ում աշխատում է 2006-ից առ այսօր:
Նահապետյանը 2006-2015թթ.-ին եղել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալը, 2015-2017թթ.՝ ԿԲ աշխատակազմի ղեկավարը, 2017-ից մինչև օրս՝ ԿԲ-ի գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ:
Դավիթ Նահապետյանն իր հերթին հայտարարեց, որ ԿԲ խորհրդի անդամի պարտականությունն իր համար համարում է ինչպես հնարավորություն, այնպես էլ մարտահրավեր:
Թեկնածուն խոսեց ԿԲ-ի հիմնական խնդիրների մասին՝ նշելով, որ գների կայունության ապահովման մասով կարևորոմ է հասարակության գնաճային սպասումների խարսխումը՝ գնաճի նպատակային թիրախին:
«Սա խնդիր է, որի լուծմանն է միտված ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության ողջ գործիքակազմը: Այսօր գների մակարդակի գրանցվող փոփոխությունները տնտեսավարողներին և տնային տնտեսություններին հնարավորություն են ընձեռում կանխատեսելի դարձնել հատկապես խնայողությունների, կատարվող ծախսերի և նախատեսվող ներդրումների վերաբերյալ որոշումների կայացումը: Սա է այն կարևոր ցուցիչը, որն արտացոլում է գնաճային սպասումների խարսխման գործում ԿԲ-ի գրանցած արդյունքը», - ասաց նա: