10/12/2020 16:51
«Լինե´լ, սա խնդիր չէ». «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը սկսել է աշխատանքները
Դեկտեմբերի 9-ին իր աշխատանքն է սկսել «Հայ Ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «Լինե´լ, սա խնդիր չէ» («To BE! That's not a question!») կարգախոսով։
Ելնելով ստեղծված պատերազմական իրավիճակից, փառատոնի տնօրինությունը որոշում կայացրեց այն անցկացնել օնլայն տիրույթում՝ ս.թ. դեկտեմբերի 9-15-ը։ Սովորաբար «Հայ Ֆեստ»-ը տեղի է ունենում հոկտեմբերի 1-8-ը։
Փառատոնի մեկնարկը տրվեց ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի «Օնեգին» ներկայացումով՝ Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնի մատուցմամբ։ Նշենք, որ ներկայացումը արժանացել է ռուսական ազգային թատերական մրցույթի՝ «Ոսկե դիմակ»-ի ժյուրիի մրցանակին։
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն ևս 4 աշխարհահռչակ ներկայացումներ։ Խոսքը Թոմաս Օսթերմայերի «Վերադարձ դեպի Ռեյմս» (Գերմանիա), Սաշա Վալցի «Տիեզերագնացների ծառուղի» (Գերմանիա), Յո Սթրոմգրենի «Կորոնա շարք #10, #25» (Նորվեգիա), Պիպո Դելբոնոյի «Այս վայրի մթությունը» (Իտալիա) ներկայացումների մասին է. ձեռք է բերվել մեկանգամյա ցուցադրության իրավունք։
Փառատոնի օրերին կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ինչպես կարող ենք մեկուսացումից հանել թատրոնը` մեկուսացման ժամանակ» թեմայով, որին կմասնակցեն տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրեններ, բեմադրիչներ, թատերագետներ և այլն: Համաժողովի մոդերատորներն են Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի (ԵՓԱ) գլխավոր քարտուղար Քեթրին Դեվենթերը (Բելգիա) և թատերագետ, ռեժիսոր, դրամատուրգ, «Театр» ամսագրի գխավոր խմբագիր, «NET» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Դավիդովան (Ռուսաստան)։ Հիմնական բանախոսներ. Անդերս Բեյեր՝ Բերգենի փառատոնի տնօրեն (Նորվեգիա), Ուիլի Ուայթ՝ Դուբլինի թատերական փառատոնի տնօրեն (Իռլանդիա), Պիպո Դելբոնո՝ ռեժիսոր, «Պիպո Դելբոնո» թատրոնի գեղ. ղեկ (Իտալիա), Յո Ստրոմգրեն՝ ռեժիսոր, պարաբեմադրիչ «Յո Ստրոմգրեն» թատրոնի գեղ. ղեկավար (Նորվեգիա), Լևան Խեթագուրի՝ թատերագետ, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջազգային թատերական ինստիտուտի խորհրդի անդամ (Վրաստան), Պեդրո դե Ֆրեյտաս՝ «Ֆարոֆֆա» փառատոնի տնօրեն (Բրազիլիա), Հարիս Պասովիչ՝ Սարաևոյի «Իսթ-Ուեսթ» փառատոնի տնօրեն (Բոսնիա և Հերցեգովինա)։
«Հայ Ֆեստ» փառատոնն առաջիկա օրերին իր գործընկերների աջակցությամբ կներկայացնի վարպետության դասերի մի ամբողջ շարք։ Այս վարպետության դասերի շնորհիվ մենք կփորձենք խոսել շատերին հետաքրքրող թեմաների մասին։ Մեր արտերկրի գործընկերները կներկայացնեն այն կարևոր քայլերը, որոնք պետք են թատերական նախագծերի իրականացման համար, կխոսեն նաև նրանց նշանակությունից, անհրաժեշտ հմտություններից՝ կապված արվեստի հետ։
«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկվել է 24 լավագույնների ցանկում: