11/12/2020 11:34
Իմքայլական պատգամավորները Փաշինյանի հրաժարականը պահանջող շրջանակներին համարում են ժողովրդի մեկ հատված
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը, նախկին և ներկա նախագահները, երկու Վեհափառները, հասարակական-քաղաքական, մշակութային շրջանակները և հասարակությունը ժողովրդի մի հատվածն է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանության համար ինչ արժեք է ներկայացնում նշված շրջանակների պահանջը:
Իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր հերթին ավելացրեց, որ ժողովրդի տարբեր հատվածներ կարող են տարբեր բաներ պահանջել, և պահանջները կարելի է ստուգել միայն ընտրություններով:
Հարցին՝ համարո՞ւմ են, որ կա Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ, Դանիելյանը պատասխանեց՝ իր համար արժեքավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջն ու ակնկալիքը, սակայն ինքը գնահատում է այն քաղաքացիներին, որոնք նման պահանջմունք ներկայացնում են ինքնուրույն, այլ ոչ՝ որևէ մեկից ուղղորդված: