11/12/2020 12:55
Սպասում եմ, որ մոտ ապագայում Թուրքիան կօրինականացնի իր «ռազմական բազան» Նախիջևանում. Թուրքագետ
Արցախյան պատերազմում Թուրքիայի մարտավարական նպատակն իրենց խաղաղապահ ուժերը ռուսական խաղաղապահ ուժերի հետ Արցախի սահմանների ողջ երկայնքով տեղակայելն էր, ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ փաստելով, որ ռուսական կողմը թույլ չտվեց:
«Թուրքիայի երկրորդ նպատակը թուրք զինյալների՝ որպես միասնական թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի անդամների տեղակայումն էր, կամ նրանց՝ Արցախի տարածք մուտք գործելու հնարավորություններ էր ՝ մոնիտորինգ անելու պատրվակով: Դա էլ, կարծես թե, չի հաջողվում», - նշեց Ռուբեն Սաֆրաստյանն՝ ավելացնելով, որ նրանք, սակայն, հնարավորությունը ստացան ռուսների հետ համատեղ մոնիտորինգային կենտրոնի մաս կազմելու:
Ասում է՝ դա նվազագույնն էր, որը ռուսները նրանց թույլ տվեցին, ինչը, սակայն, Թուրքիայի համար կարևոր է:
Թուրքագետի խոսքով՝ առաջին անգամ օրինական ձևով իրավունք ստացան հարավային Կովկասում որոշակի գործողություններ իրականացնել՝ կապված ռազմական ոլորտի հետ:
Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի համար բարենպաստ ևս մի քանի հանգամանք ընդգծեց՝ Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության կտրուկ աճը, և Ադրբեջանի ինքնուրույնության կորուսը՝ հօգուտ Թուրքիայի:
«Թուրքիան հնարավորություն է ստանում իր ԶՈւ-ն տեղակայել Ադրբեջանում՝ որպես Արդբրեջանի խնդրանքի բավարարում: Ես սպասում եմ, որ մոտ ապագայում Թուրքիան արդեն կօրինականացնի իր «ռազմական բազան» Նախիջևանում և կսկսի նաև բուն Ադբեջանի տարածքում տարբեր ռազմական կենտրոններ կառուցել: Չեմ բացառում նաև, որ որոշակի հնարավորություն կստեղծի իր համար՝ մոտենալու Կասպից ծովի ափերին»: