14/12/2020 16:29
YouTube-ի և Google-ի այլ ծառայությունների լայնածավալ խափանում է տեղի ունեցել, խնդիրներ են նկատվում նաև Հայաստանում
Մի շարք երկրներում Google-ի օգտատերերն ընկերության ծառայությունների խափանման են բախվել, հայտնում է Downdetector կայքը, որը վերահսկում է ինտերնետային հանրաճանաչ ռեսուրսների անջատումները և ընդհատումները:
Մասնավորապես, խնդիրներ են առաջանում, երբ փորձ է կատարվում մուտք գործել Youtube, Gmail և այլ կորպորատիվ կայքեր:
Վերջին տվյալների համաձայն՝ խնդիրները գրանցվել են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և եվրոպական այլ երկրների բնակիչների շրջանում:
Նշվում է, որ Google-ի օգտատերերի շուրջ 86%-ը բողոքում է իր հաշիվ մուտք գործելու խնդիրներից, 13%-ը՝ որոնման հետ կապված դժվարություններից:
Google փոստի օգտվողների շուրջ 76%-ը բողոքել է իրենց հաշիվ մուտք գործելու խնդիրներից, 17%-ը հայտնել է կայքի հետ կապված տեխնիկական խնդիրների մասին, և ևս հինգ տոկոսը խնդիրներ են ունեցել իրենց նամակներում հաղորդագրություններ ստանալու հետ կապված:
YouTube-ի օգտագործողների մոտ 49%-ը հայտնել է ռեսուրսի կայքի հետ կապված խնդիրների մասին, 45%-ը՝ տեսանյութեր դիտելիս, և ևս չորս տոկոսը կայքում ունեցել է ավտորիզացման խնդիր: