14/12/2020 11:18
ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել. Արթուր Վանեցյանը
Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որոշումներ կայացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Նրա՝ որոշումներ չկայացնելու պատճառով այսօր ունենք նման խայտառակ վիճակ: Հիմա մենք ասում ենք՝ Նիկո՛լ Փաշինյան, հրաժարական տուր, գնա՛: Նա էլի չի կարողանում որոշում կայացնել»:
«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ ամեն օր Փաշինյանի՝ որոշում կայացնելը հետաձգելը հանգեցնում է երկրի կործանման, ժողովրդի անվտանգության ուղիղ սպառնալիքի:
Իսկ թե ինչու չեն պահանջում արտահերթ ընտրություններ՝ Վանեցյանը պատասխանեց, որ ՀՀ-ն այսօր չի կարող իրեն թույլ տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որովհետև Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրներ կան.
«Անվտանգային լրջագույն խնդիր, տնտեսական խայտառակ վիճակ և առողջապահական ճգնաժամ. այս 3 խնդիրները պետք է շատ արագ լուծվեն: Ամենակարևոր հարցը, որը վայրկյան առաջ պետք է լուծվի, գերիների վերադարձի և անհետ կորած զինվորականների հարցն է, նաև Արցախից տեղահանված փախստականների խնդիրները: Մինչև այդ խնդիրները չլուծվեն, ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ»:
Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է գնա, որովհետև, Արթուր Վանեցյանի խոսքով, ունակ չէ լուծելու այդ խնդիրները: