14/12/2020 14:51
Բանակցությունները տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրեցինք պատերազմ. Վազգեն Մանուկյան
Անկեղծ ասած՝ ես մինչև հիմա լրիվ չեմ հասկացել, թե ինչ է եղել, որովհետև սրա հետևանքներն այնքան սարսափելի են, որ դժվար է պատկերացնել, այսօր մտավորականների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած Արցախյան երկրորդ պատերազմին՝ նշեց Վազգեն Մանուկյանը:
«Այս խայտառակ և ամոթալի պարտությունն իմ մոտ դառնություն է առաջացնում նաև այն պատճառով, որ ես գիտեմ՝ դա կարելի էր կանխել: Այսպիսի բան կարող էր չլինել: Մի կողմ թողնենք այն, որ դեռ 2,5 տարի նախապատրաստվում էր այս ամեն ինչը: Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, միգուցե՝ ավելի ուշ: Բանակցությունները տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրեցինք պատերազմ: Եթե մենք 2,5 տարի գոնե մի քիչ շարունակեինք զբաղվել բանակով, պարտություն չէինք ունենա: Վերջում էլ ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի, խայտառակ մի համաձայնագիր, որը մենք խախտել չենք կարող, որովհետև դրա հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են», - նշեց բանախոսը: