14/12/2020 14:29
Փաշինյանն ամայացնում է ամբողջ դաշտն՝ ասելով, որ իրենից առաջ կյանք չի եղել. Խաչատրյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ամայացնում է ամբողջ դաշտը՝ ասելով, որ իրենից առաջ կյանք չի եղել, այնինչ մինչ հետպատերազմյան հրաժարականները կառավարության մեկ երրորդ մասը կազմում էին նախկին պաշտոնյաները։ Այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում, անդրադառնալով իշխանության կողմից նախկինների վերադարձի մասին շրջանառվող թեզերին, ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։
«Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության 2018 թվականի մայիսին և, ըստ սահմանման, ստացվում է դրանից առաջ բոլորը նախկիններ էին։ Եթե նույնիսկ եղել է մարդ, որը նախկում իշխանության մաս է կազմել, բայց ինչ-որ ժամանակ անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը, նա այդ պահին նախկին չի համարվել, բայց, երբ նույն մարդն առանձնացել է Փաշինյանից, ապա հենց այդ պահին, անխոս, դարձել է նախկին։ Եթե դիտարկենք կառավարությունը մինչև հետպատերազմյան հրաժարականները, կնկատենք, որ իշխանության կազմում մեկ երրորդ մասով նախկիններն էին՝ Ֆելիքս Ցոլակյանը, Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Տիգրան Խաչատրյանը։ Բայց, քանի դեռ վերջիններս Նիկոլի կողքին էին, նրանց ոչ ոք նախկին չէր կոչում, իսկ երբ առանձնացան, հիշեցին, որ նրանք նախկին են։ Սա պարզ մանիպուլյացիա է, այսինքն՝ նախկիններին բոլորին մերժում ես, բայց դու մնում ես որպես ներկա», - ասել է Խաչատրյանը։
Վերջինիս խոսքով՝ նույն մանիպուլյացիան է անում իշխանությունը, երբ հայտարարում է, որ այլ վարչապետի ընտրությունը լեգիտիմ չի լինելու, մինչդեռ չի կարող նման բան լինել, քանի որ նոր վարչապետին ընտրելու է հենց այն խորհրդարանը, որը լեգիտիմ հիմքերով է ձևավորվել և որն էլ հենց ընտրել էր Նիկոլ Փաշինյանին: