14/12/2020 11:29
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ավելի քան 4800 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել (Տեսանյութ)
ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքների ուղղությամբ:
Ռուսաստանի խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզություն և ականազերծում: Պայթուցիկների որոնումը կատարվել է կենցաղային հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանին հարակից տարածքներում:
Օրվա ընթացքում ականազերծվել է մոտ 8 հեկտար տարածք, 7 կմ ճանապարհի մակերես, ուսումնասիրվել 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս բերվել 51 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 155 հա տեղանք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծել 4811 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում:
Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ: