14/12/2020 12:44
Նախկին ենթական Նյու Յորքի նահանգապետին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար
Լինդսի Բոյլանը, որն առաջադրվել էր Նյու Յորքի քաղաքային թաղամասերից մեկի խորհրդի թեկնածու, համանուն նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար: Այս մասին նա գրել է կիրակի Twitter-ում:
Բոյլանը, համաձայն LinkedIn գործարար սոցիալական կայքի՝ աշխատել է նահանգապետարանում 2015-2018 թվականներին: 2018-ի մարտին նա Կուոմոյի խորհրդական և տնտեսական զարգացման հարցերով պետքարտուղար է նշանակվել:
Նույն թվականի ամռանը տեղի ունեցած նախնական ընտրություններում նա փորձել է դառնալ դեմոկրատներից թեկնածու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում, սակայն պարտվել է կոնգրեսական Ջերոլդ Նադլերին, որը նոյեմբերին վերընտրվել էր նոր ժամկետով:
«Այո, Նյու Յորքի նահանգապետ Կուոմոն տարիներ շարունակ սեռական ոտնձգությունների է ենթարկել ինձ: Շատերը տեսել և հետևել են դրան: Ես երբեք չգիտեի ինչ սպասել՝ նկատողություն աշխատավայրում (դա շատ լավ էր), թե ոտնձգություն իմ արտաքինի պատճառով: Կարող էր լինել և՛ մեկը, և՛ մյուսը նույն խոսակցության ընթացքում», - գրել է Բոյլանը:
Նա ենթադրում է, որ նահանգապետի վարչակազմում մյուս կանայք ևս ոտնձգությունների են ենթարկվել:
Twitter-ում արված գրառումներում հստակ փաստեր և ամսաթվեր նշված չեն: Կինը պարզաբանում է, որ տրամադրված չէ շփվել լրագրողների հետ:
Նահանգապետի մամուլի գրասենյակից Fox News-ին հայտնել են, որ վերոնշյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Associated Press-ն ուրբաթ՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Կուոմոյին ներառել է գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուների ցանկում իր ապագա վարչակազմում:
Դեմոկրատ Կուոմոն Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2007-2010 թվականներին: Ընտրված նախագահը գնահատում է իր համակուսակցին այն որակների համար, որոնք վերջինս դրսևորել է կորոնավիրուսային նոր համավարակի ընթացքում: Կուոմոն վարակի տարածման դեմ պայքարի դասերի մասին հոկտեմբերի 13-ին լույս տեսած գրքի հեղինակն է: