14/12/2020 16:23
Իսկ հետո՞ ինչ է լինելու, կկարողանա՞նք ոտքի կանգնել ու դառնալ հզոր պետություն, թե՞ այսպես կռացած վիճակում ենք մնալու. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը գնալու է, և շարժումն արագացնելու է այդ գնալը, որպեսզի օր չկորցնենք: Դրանից հետո մենք կունենանք բավականին ծանր մի ժամանակաշրջան, որը դրված է անցումային կառավարության վրա, մշակույթի գործիչների հետ հանդիպմանը նշեց Վազգեն Մանուկյանը:
«Դա և պայմանագրի մեկնաբանությունն է, փախստականներ, գերիներ, զոհվածներ, անհետ կորածներ՝ բազմաթիվ հարցեր կան, որ պետք է լուծվեն այդ անցումային կառավարության միջոցով», - ավելացրեց նա:
Իր իսկ հնչեցրած հռետորական հարցին՝ իսկ հետո՞ ինչ է լինելու, կկարողանա՞նք ոտքի կանգնել ու դառնալ հզոր պետություն, թե՞ այսպես կռացած վիճակում ենք մնալու, պատասխանեց՝ ամեն ինչ կփոխվի, եթե փոխվի կապիտուլյացիա ստորագրած անձը:
«Գերմանիան երկու համաշխարհային պատերազմում էլ կապիտուլացիա ստորագրեց, բայց հիմա Եվրոպայում ունի ավելի մեծ ազդեցություն, քան ունեցել է երբևիցե: Ճապոնիան ստորագրեց կապիտուլացիա, բայց հիմա աշխարհի ամենազարգացած պետություններից մեկն է: Դա ցույց է տալիս, որ այդ հնարավորությունը կա, եթե մենք կարողանանք ոտքի կանգնել ու գնալ առաջ»:
Բանախոսն անդրադարձավ նաև «հների վերադարձի» մասին խոսակցություններին:
«Ընդհանրապես, այն հների ու նորերի մասին խոսակցությունները, որոնք շրջանառության մեջ մտան 2,5 տարի առաջ, ինձ համար հասկանալի չեն: Երբ Ղարաբաղյան շարժումը եկավ իշխնության, այսպես կոչված հները՝ կոմունիստները, բոլոր այն մասնագետները, որոնք կոմունիստական կուսակցության մեջ էին, բայց պետքական ու օգտակար էին Հայաստանին, աշխատում էին մեր կառավարությունում: Իմ կառավարությունում միայն 6 հոգի նախկինից էր մնացել: Նույնկերպ էլ շարունակվելու է, բայց կյանքը փոխվելու է», - վստահեցրեց նա: