14/12/2020 15:31
Այս համաձայնագիրը չէր համապատասխանում առկա ռազմական վիճակին. Վազգեն Մանուկյանը մանրամասնում է
Արդյոք այդ համաձայնագիրը համապատասխանում էր այն ռազմական վիճակին, որն առկա էր: Կարծում եմ՝ ոչ, մտավորականների հետ այսօր հանդիպան ժամանակ անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշեց Վազգեն Մանուկյանը:
«Ես չեմ հասկանում, եթե հայտարարված է, որ պատերազմը գնում է Արցախի և Ադրբեջանի միջև, ինչո՞ւ այդ պայմանագրի մեջ պետք է հարցեր լինեն՝ կապված Հայաստանի հետ, Մեղրիի ճանապարհի հետ: Ի՞նչ կապ ունի դա, եթե պաշտոնապես հայտարարված է, որ պատերազմը մեզ հետ չի, այլ՝ Արցախի և Ադրբեջանի պատերազմն է: Այդ օրերին ոչ միայն մենք էինք սպառվում, Ադրբեջանն էլ էր սպառվում, Ադրբեջանն էլ էր ցանկանում կանգնեցնել գործողությունները, որովհետև, ինքն էլ չէր կարող երկար շարունակել: Եթե մենք նորմալ ղեկավար ունեինք, այդ պահը հասկանալով՝ շատ մեծ քաղաքական առևտուր կարող էր անել, բանակցությունների միջոցով կարող էր այդ փաստաթուղթն ուրիշ դարձնել: Դա այնքան անգրագետ փաստաթուղթ է, որ նույնիսկ Քելբաջարից դուրս գալու համար 5, թե 10 օր էր տրված, իսկ բոորն էլ հասկանում են, որ շրջանից զորք հանելն ամիսներ կարող է տևել: Ինչ արած՝ այդ համաձայնագրի հետևն արդեն ուժ է կանգնած, իսկ մեր ուժը չի երևում», - մանրամասնեց բանախոսը:
Վազգեն Մանուկյանն առանձնացրեց ստորագրված հայտարարության «բաց տեղերը»: Նա ընդգծեց, որ ասպիսի համաձայնագրերի տակ սովորաբար լինում են գաղտնի հավելվածներ, տասնյակ էջեր, որտեղ գրվում է՝ որն ինչպես է պետք անել: Մեր ստորագրած փաստաթղթում ոչ մի բան չկա, ինչն էլ նշանակում է՝ բանակցությունների միջոցով կարելի է այս կամ այն կետն ուղղել մեր օգտին: Բայց ո՞վ է այդ բանակցությունները վարելու՝ հարց հնչեցրեց նա:
«Այն մարդն, ով մեր երկիրը տարավ պարտությա՞ն: Իրեն չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է: Ճիշտ է՝ մարտնչող, բայց քաղաքական դիակ: Չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում Հայաստանում: Սյունիքում, Արցախում, տարբեր սահմանների վրա հարձակվում են, որևիցե գործողություն չի արվում ու որոշում չի ընդունվում: Ցանկացած պարտված պատերազմից հետո ղեկավարը հեռանում է: Մարդիկ կան՝ ինքնասպանություն են գործում, մարդիկ կան՝ հեռանում են, մարդիկ էլ կան, որոնց հեռացնում են: Մեր պատերազմի հետևանքների վերացումն ու ոտքի կանգնելը կսկսվի այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը գնա: Ու բոլորը հասկանում են, որ ինքը պիտի գնա, բացի իրենից: Ու այդ ամեն մի կորած օրը մեզ վրա շատ ծանր է նստում», - նկատեց Վազգեն Մանուկյանը: