15/12/2020 17:28
Արցախի Մեծ Շենի բնակիչները դուրս են եկել, գյուղում մնացել է միայն գյուղապետը. Հին Շենն էլ շրջափակման մեջ է
Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը, որը պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից չէր գրավվել ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո շարունակում էր մնալ Արցախի վերահսկողության տակ, արդեն 3 օր է՝ դատարկ է: 30 տնտեսություն ու 114 բնակիչ ունեցող գյուղի միակ բնակիչը հիմա գյուղապետն է, որը ոչ մի կերպ չի լքում բնակավայրը:
«Իրենք մեր գյուղ չեն մտել, բայց չի բացառվում, որ ամեն պահի կարող են մտնել: Բնակիչներն, այդ թվում՝ իմ ընտանիքը, դուրս են եկել 3 օր առաջ, երբ դրանք եկան: Բայց ես դուրս չեմ գալու, համայնքի ղեկավար եմ, համայնքը պիտի՞ տեղը պահեմ, թե՞ չէ: Ճիշտ է՝ մարդիկ էստեղ չեն, բայց իրենց տները, տնտեսությունները կան: Թողնեմ դուրս գամ՝ ինչ ուզեն, անե՞ն», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:
Այս վիճակը գյուղապետն «ինչ-որ չափով բավարար» է համարում: Նկատում է՝ հարևանությամբ գտնվող Հին Շենն է շրջափակման մեջ, արդեն երեք օր է՝ նրանցից «խաբար» չունի:
«Հին Շենը շրջափակման մեջ է, ելումոտ չկա, հեռախոսակապ չկա, չեմ կարողանում խոսել իրենց հետ», - ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ ո՛չ Հին Շենում, ո՛չ Մեծ Շենում ներկա պահին խաղաղապահ զորք չկա, խաղաղապահներ կան մեջտեղում՝ երկու գյուղերի «արանքում», որտեղ արդեն մի քանի օր ադրբեջանցիներ են տեղակայվել:
Հարցին՝ խոսե՞լ է Արցախի իշխանությունների հետ, պատասխանեց.
«Այո՛, խոսել եմ: Բայց որևէ հստակ պատասխան չեն տվել»: