16/12/2020 15:48
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարացման մասին
Եվրոպական Միության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) հավանություն է տվել Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակումները ևս վեց ամսով երկարացնելուն՝ ուկրաինական իրավիճակի հետ կապված: Այս մասին Twitter-ում գրել է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակը:
Հաջորդ փուլը ԵՄ խորհրդի կողմից պատժամիջոցների հաստատումն է և որոշման հրապարակումը Եվրամիության «Պաշտոնական տեղեկագրում»:
ԵՄ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ երկարաձգվում են վեց ամիսը մեկ, ԵՄ գագաթնաժողովների քաղաքական որոշումներից հետո, որոնք հիմնված են Ուկրաինայում հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնագրերի կատարման գնահատման վրա, «Նորմանդական ձևաչափով» մասնակից երկրների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հաղորդագրություններով:
ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 10-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հավանություն են տվել սահմանափակող միջոցների ռեժիմի հերթական երկարացմանը:
Իրավաբանական բնույթ ունեցող որոշումն ընդունվում է ԵՄ Խորհրդի կողմից, իսկ Եվրամիության «Պաշտոնական տեղեկագրում» օրենսդրական ակտի հրապարակումից հետո սահմանափակող միջոցների երկարացումը մտնում է ուժի մեջ: