17/12/2020 18:06
Երեխաներին պետք է հեքիաթ պարգևել. Արման Նավասարդյանի նախաձեռնությամբ՝ Համազգային թատրոնը մեկնում է Արցախ
Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը դեկտեմբերի 22-ին կմեկնի Արցախ՝ տեղի երեխաներին մի փոքր ուրախացնելու ու ամանորյա տրամադրություն հաղորդելու, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանից:
««Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումն ենք տանելու Արցախ, միայն ներկայացման կազմով ենք գնալու: Սա իմ նախաձեռնությունն է, քանի որ ուզում եմ այդ երեխաներին մի քիչ հեքիաթ պարգևենք, գոնե երեխաների «մեջքը» փորձենք շտկել», - նշեց մեր զրուցակիցը:
15 հոգանոց թատերախումը շուրջ մեկ շաբաթ ներկայացումներով հանդես կգա Արցախի Ստեփանակերտ, Ճարտար, Ասկերան ու Մարտակերտ քաղաքներում: Հարցին, թե արդյոք մեծ չէ պատասխանատվությունը՝ այսօրվա ստեղծված իրավիճակում դերասաններին տանել Արցախ, նաև՝ երեխաները որքանո՞վ են հոգեբանորեն պատրաստ օրեր առաջ պատերազմի դաշտ հանդիսացող քաղաքներում դերասանների ընդունել, պատասխանեց.
«Երբ առաջարկեցի, դերասանները շատ ոգևորվեցին: Այնտեղ մադիկ են ապրում, ու մենք պարտավոր ենք նրանց կողքին լինել՝ ով ինչով կարող է: Հատկապես այս օրերին Արցախում, արցախցի երեխայի համար բեմում խաղալը շատ լուրջ առաքելություն եմ համարում: Եթե նույնիսկ մեկ ընտանիք, մեկ երեխա լինի, որ այնտեղ է ապրում, մենք պարտավոր ենք գնալ այդ երեխայի «հետևից» ու փորձել գոնե մեկ ժամ նրան կտրել իրականությունից, ստիպել, որ մտնի հեքիաթի տրամադրության մեջ»:
Ներկայացումները, բնականաբար, բարեգործական բնույթ են կրում, որևէ տոմս չի վաճառվելու: Իրականացվում է թատրոնի հանգանակությամբ և աջակիցների հովանավորությամբ:
«Մենք պետությանը, կառավարությանը որևէ հարցով չենք անհանգստացրել՝ առանց այդ էլ հոգսերը շատ են, չենք ուզում պետության վրա բեռ դառնալ: Ունենք գործընկերներ, որոնք մեզ կհովանավորեն», - եզրափակեց թատրոնի տնօրենը:
Նշենք, որ Արման Նավասարդյանը պատերազմի առաջին իսկ օրերից ռազմաճակատում էր: