18/12/2020 12:59
Ադրբեջանի սահմանը Գորիսից, տեղ կա՝ մի քանի մետր է հեռու, տեղ կա՝ մտնում է հենց համայնքի մեջ. Փոխքաղաքապետ
Ամեն օր հեռուստացույցով լսում ենք, որ խոսքը չի վերաբերում ՀՀ պետական սահմանին, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել՝ որն է Սյունիքի պետական սահմանը, թեև մենք լավ գիտենք, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը:
Նա ընդգծեց՝ սահմանագծումը, որն իրականացնում է իշխանությունը, թուրքերի որդեգրած սկզբունքով է. «Մենք չենք ուզում համաձայնել, քանի որ Սյունիքի մարզը դրվում է վտանգի տակ, և այդ գործընթացի շարունակականության դեպքում Սյունիքը միանշանակ կկորցնենք: Չենք պատրաստվում այդ ծախված գործընթացին մասնակից լինել»:
Ըստ համայնքի ղեկավարի տեղակալի՝ ելքը հետևյալն է. իշխանությունը, քանի որ չի տիրապետում իրավիճակին, անհապաղ պետք է հեռանա:
«Ադրբեջանի սահմանը Գորիս համայնքից, տեղ կա՝ մի քանի մետր է հեռու, տեղ կա՝ մտնում է հենց համայնքի մեջ, այսինքն՝ ՀՀ-ն սնուցող գլխավոր ճանապարհը վտանգված է», - նկատեց նա:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում բնակիչները կրկին ճանապարհ են փակել: Նրանք բողոքում են Սյունիքի սահմանային հարցերով պայմանավորված վերջին զարգացումներից: Այսօր՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են եկել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ: