19/12/2020 11:40
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը, ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:
Ստորաբաժանման ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկներին դաշտային աշխատանքներ ապահովելու համար:
Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Ճարտար գյուղի 95 բնակչի:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում՝ 79 երեխա:
Բոլոր դիմած քաղաքացիները տեղաբաշխված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:
Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ:
Ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ: