21/12/2020 15:15
ՀՀ գլխավոր դատազություն հաղորդում է ներկայացվել՝ Սիսիանի հոգևոր հովվի նկատմամբ բռնություն գործադրելու կոչի վերաբերյալ
Սիսիանի հոգևոր հովվի նկատմամբ բռնություն գործադրելու կոչի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Վաhան Հովհաննիսյանը։
«Պահանջում ենք քրեական գործ հարուցել Արսեն Ավագյանի նկատմամբ, որը լինելով պաշտոնատար անձ, բռնության գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել հոգևոր հովվի նկատմամբ», - ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ հաղորդման հիմքը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 2-րդ և 3-րդ կետերն են, որոնք պատասխանատվություն են նախատեսում 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։
«Ֆեյսբուքյան գրառումից ենք պարզում, որ Արսեն Ավագյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և աշխատում է Քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։
Հիշեցնենք, որ Սիսիանի եկեղեցու քահանան այսօր չի սեղմել Փաշինյանի ձեռքը և նրան դուրս է հրավիրել եկեղեցուց:
Դրանից հետո Փաշինյանի տասնյակից ավելի աջակիցներ փորձել են Սիսիանի եկեղեցու վրա հարձակում գործել՝ քահանային հեռացնելու նպատակ ունենալով։