21/12/2020 17:38
Չի բացառվում, որ Առուշ Առուշանյանին նոր մեղադրանք առաջադրեն և փորձեն որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը. Փաստաբան
Առուշ Առուշանյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է, և մենք արդեն բողոքարկել ենք դատարան, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանը։
«Էլեկտրոնային տարբերակով բողոքն ուղարկել ենք Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, սպասում ենք դատարանի արձագանքին։ Հուսանք, որ դատարանը շուտ կարձագանքի և այս ապօրինությանը վերջ կտրվի», - ասաց Առուշանյանի փաստաբանը։
Նրա խոսքով՝ չեն կարող օրինական հավաք կազմակերպելու համար մարդուն մեղադրանք առաջադրել.
«Սա ապօրինի է. ենթադրում եմ, որ քաղաքական գործընթաց է»։
Փաստաբանի խոսքով՝ ցուցմունք չեն տվել, ընդամենն ասել են, որ հավաքն անօրինական չէ։
«Տեղակացա, որ բացի այս քրեական գործից, այլ քրեական գործեր կան, որոնք միավորվում են մեկ վարույթում։ Չի բացառվում, որ ժամերի ընթացքում Առուշանյանին նոր մեղադրանք առաջադրվի և արդեն ծանր հոդվածներով փորձեն միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի խափանման միջոց կալանավորումը կիրառվի», - ասաց Առուշանյանի փաստաբանը։